+374 94 000 446

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է

Դիտվել է` 277

06.04.2021
post single img

Չնայած հունվար-փետրվարին Հայաստանից արտահանման ծավալը 2020-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով՝ կազմելով 354 մլն 394.2 հազար դոլար, սակայն առանձին երկրներ և հատկապես ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը շարունակել է աճել: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում հենց ԵԱՏՄ երկրներին, որտեղ արտահանվել է 102 մլն 082.8 հազար դոլարի ապրանք: Ընդ որում` նախորդ տարվա նկատմամբ այն ավելի է 2.5 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 2.2 տոկոսով՝ կազմելով 98 մլն 100.2 հազար դոլար: Դեպի Ղազախստան արտահանումն աճել է 60.2 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 2.5 անգամ, սակայն ԵԱՏՄ մյուս անդամ պետություն՝ Բելառուս, արտահանման ծավալը ինչպես տարվա առաջին ամսին, այնպես էլ երկու ամիսներին կտրվածքով շարունակում է դեռ ցածր մնալ նախորդ տարվա ցուցանիշից: Հունվար-փետրվարին Բելառուս կատարած արտահանման ծավալը 17.2 տոկոս պակաս է եղել 2020-ի նույն ժամանակահատվածից:

Հունվար-փետրվարին էականորեն՝ 45.2 տոկոսով նվազել է նաև դեպի Ուկրաինա արտահանման ծավալը՝ կազմելով 2 մլն 66.4 հազար դոլար, ԵՄ երկրներից արտահանման ծավալների անկում է գրանցվել դեպի Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա: Փոխարենը էականորեն՝ 20 տոկոսով աճել է արտահանումը դեպի Գերմանիա՝ կազմելով 11 մլն 578.7 հազար դոլար, ավելի քան 46 տոկոսով աճել է դեպի Լեհաստան արտահանումը՝ կազմելով 2 մլն 61.3 հազար դոլար և այլն:

2021-ի հունվար-փետրվարին Միացյալ Նահանգներ արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է 34 տոկոսով՝ կազմելով 15 մլն 338.7 հազար դոլար: Դեպի Չինաստան արտահանումը աճել է 3.4 անգամ և կազմել 54 մլն 564.4 հազար դոլար:

Հայաստանի արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը շարունակել է ունենալ հանքահումքային արտադրանքը՝ կազմելով 129 մլն 668.8 հազար դոլար, սա նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավելի է 10.7 տոկոսով: Հաջորդ ամենամեծ մասնաբաժինն ունի պատրաստի սննդի արտադրանքը՝ կազմելով 74 մլն 691.0 հազար դոլար, թեև դա նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.9 տոկոսով: Հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 47 մլն 365.9 հազար դոլար ծավալով թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, սա նախորդ տարվա նկատմամբ ավելի է 25.2 տոկոսով: Այնուհետև Հայաստանից շատ են արտահանվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, մանածագործական իրեր:

Ծառայություններ

Վերջին դիտումները