fintax logo

+374 94 000 446

Համաշխարհային պարտքն աննախադեպ աճել է. զարգացում, թե պատուհաս

Просмотрено 950

19.08.2017
post single img

Համաշխարհային պարտքը շարունակում է աճել` 2014 թվականի կեսերին հատելով 199 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Այս մասին տեղեկանում ենք McKinsey գլոբալ հետազոտությունների ինստիտուտի օրերս հրապարակած հաշվետվությունից:

Գլոբալ վարկային «փուչիկի» առաջացրած ճգնաժամից յոթ տարի է անցել, սակայն հիմա, ավելի քան երբևէ, աշխարհը «խրված» է պարտքային բեռի տակ: McKinsey-ի կատարած հետազոտության համաձայն` համաշխարհային պարտքը (հաշվի են առնված պետական, տնային տնտեսությունների և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքերը)  նախաճգնաժամային ցուցանիշի համեմատ ավելացել է մոտ 57 տրիլիոն դոլարով` ավելացնելով պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը 17%-ով:  Համեմատության համար նշենք, որ 2007 թվականի վերջին համաշխարհային ընդհանուր պարտքը կազմում էր մոտ 142 տրիլիոն դոլար, իսկ 2000 թվականին` ընդամենը 87 տրիլիոն դոլար:

Զեկույցում առանձնացնում են մի շարք ուշագրավ հանգամանքներ, որոնք սպառնալիք կարող են դառնալ համաշխարհային տնտեսության համար: Առաջինը երկրների պետական պարտքի աննախադեպ աճն է. մի շարք երկրներում պետական պարտքի մակարդակը վերջին տարիներին նշանակալիորեն աճել է, իսկ իրավիճակը կարող են փրկել միայն նոր մոտեցումները, ինչպես, օրինակ, հիփոթեքային ավելի ճկուն քաղաքականության մշակումը, վարկավորման ստանդարտների խստացումը և այլն:

 

McKinsey-ի վերլուծաբաններն անհանգստություն են հայտնում Չինաստանի ընդհանուր պարտքի թռիչքաձև աճի հետ կապված:  Այս երկրի պարտքը 2007 թվականի համեմատ համարյա քառապատկվել է` 7 տրիլիոն դոլարից հասնելով 28 տրիլիոն դոլարի, որն ավելի մեծ է, քան պետական պարտքը ԱՄՆ-ում և Գերմանիայում:

Սպառնալիքներից մեկն էլ բնակչության պարտքերի շարունակական աճն է, մասնավորապես, Ավստրիայում, Կանադայում, Դանիայում, Շվեդիայում և Նիդերլանդներում, ինչպես նաև Մալազիայում, Հարավային Կորեայում և Թայլանդում, ինչը բնակչության պարտք-եկամուտ հարաբերակցությունը հասցրել է ռիսկային մակարդակի:

Ստեղծված իրավիճակն իր մեջ պարունակում է լուրջ սպառնալիքներ, որոնք  խոչընդոտ կարող են դառնալ համաշխարհային տնտեսության կայուն զարգացման համար:

Համաձայն զեկույցի,  համաշխարհային պարտքի կառավարման և վերահսկողության համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ. տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է ուղիներ գտնեն բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ, խթանեն ՀՆԱ-ի աճը` արտադրողականության բարձրացման հաշվին, անհրաժեշտության դեպքում բարձրացնեն վարկ-գրավ հարաբերակցությունը, բանկերի նկատմամբ սահմանեն կապիտալի ավելի խիստ պահանջներ և այլն:

Պարտքը, անկասկած, հանդիսանում է տնտեսական աճի ֆինանսավորման կարևորագույն գործիք, սակայն  երբեք չպետք է անտեսել դրա` խելամիտ կառավարման կարևորությունը:

Услуги

Последние просмотры