+374 94 000 446

Օրենքով սահմանված կարգով գրանցված և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկի վերադարձի միջոցով

Դիտվել է` 360

11.11.2019
post single img

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության հարկաին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»:

Ըստ այդ նախագծի` անկախ սեփականության ձևից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկի վերադարձի միջոցով: Սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

Գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը:

Ինչպես գիտենք արդեն իսկ հաստատված է ՀՀ Կառավարության 2019-2023թ-ի հնգամյան միջոոցառումների ծրագիրը, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն, ինչի ապահովման համար անհրաժեշտ է խթանել աշխատանքի և կրթության համահունչ զարգացումը:

Նախագիծը նպատակ ունի ուսանողներին երիտասարդ տարիքից խրախուսելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխատողներին առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու ձգտումներից հրաժարվելու համար և երիտասարդների մեջ ձևավորել աշխատելու ու միաժամանակ հարկ վճարելու մշակույթ:

Այնուհանդերձ, եկամտային հարկի վերադարձման համակարգը, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հարկային արտոնություն, այլ որպես կրթության ոլորտի քաղաքականության շրջանակներում շահառուներին տրամադրվող բյուջետային աջակցություն, քանի որ համակարգի շահառուները պետք է ընդհանուր սահմանված կարգով հաշվարկեն և կատարեն եկամտային հարկի գծով իրենց հարկային պարտավորությունները, որից հետո նոր միայն դիմեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար այս համակարգի ներդրման հետ կապված որոշումներ ընդունելիս շատ կարևոր է, որ համակարգը դիտարկվի որպես բյուջետային գործընթացի շրջանակներում կրթության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագիր:

Հավելենք նաև որ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ առկա են մի շարք երկրներում, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը: Ու չնայած դրանք որոշ առումներով տարբերվում են առաջարկվող օրենքի նախագծի կարգավորումներից, այսուհանդերձ հիմնական գաղափարով նույնանում են:

Ծառայություններ

Վերջին դիտումները