+374 94 000 446

Կթույլատրվի ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածներում գովազդների տեղադրումը

Դիտվել է` 286

17.07.2020
post single img

Հանրապետության տարածքով երթևեկելիս հաճախ է աչքի զարնում ավտոճանապարհների հողային պաստառների անխնամ վիճակը։ Այն լավ տպավորություն չի թողնում ոչ միայն հանրապետության քաղաքացիների, այլև Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ։ Նման իրավիճակը բացատրվում է նրանով, որ այդ հատվածները գրեթե չեն օգտագործվում, մինչդեռ հայտնի իրողություն է, որ ճանապարհների հարակից հատվածները մեծ արդյունավետություն և պահանջարկ ունեն գովազդների տեղադրման համար։

Հայաստանում գործող կարգավորումներով արգելված է ճանապարհների առանձին հատվածներում նման գործունեության ծավալումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։

Այդ նպատակով առաջարվում է ՀՀ կառավարության 2006 թ. հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունը։ Այս քայլով կառավարությունն ընդլայնում է տնտեսական գործունեության հնարավորությունները՝ խթանելով ձեռնարկատիրությունը, նորարարությունը և քաջալերում է աշխատանքն ու ստեղծարարությունը։

Գործադիրը ներկայացված որոշմամբ վերացնում է գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները և բարելավում է ներդրումային միջավայրը՝ նպաստելով մասնավոր ներդրումների աճին։ Նման քայլերով առաջին հերթին նպաստավոր պայմաններ են ստեղծվում մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացի մասնակիցների՝ գովազդատուների, գովազդ արտադրող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման։

Ոլորտի լիազոր մարմինը հիմնավորում է, որ միջպետական ու հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կա շուրջ 9 շրջանաձև երթևեկելի հատված, և ձեռներեցներին նման հնարավորություններ ընձեռելու արդյունքում, ըստ նախնական կանխատեսումների, պետական բյուջեի մուտքերն այս մասով տարեկան էական աճ կապահովեն։ Կարևոր է նաև մյուս արդյունքը, ըստ որի, գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին կբարեկարգվեն այդ գոտիները։

Ծառայություններ

Վերջին դիտումները