+374 94 000 446

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Դիտվել է` 665

21.06.2018
post single img

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների և կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկություններով, նախարարը հայտնել է, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, և հրավիրել է երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Նախարար Արթուր Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է  ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը և բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրել է առկա և նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման և արոտների բարելավման, ինչպես նաև անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները և ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին տասնյակ ֆերմերներ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` բողոքելով կաթի մթերման ցածր գներից: Եթե ​​ձմռանը գները տատանվում էին 180 - 230 դրամի սահմաններում, ապա այսօր հասել են 150 - 140 դրամի: Մինչդեռ, ինչպես ֆերմերները նշել են ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, շուկայում մնալու համար կաթի մթերման գինն այսօր պետք է լինի 160 դրամից ոչ պակաս: Հակառակ դեպքում, նրանք սպառնում են կաթն առաքել Երևան և անվճար բաժանել մայրաքաղաքի բնակիչներին, բարեգործական ժեստ: Ըստ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Մարտուն Պողոսյանի, ձմռանը ձեռնարկությունները կաթը մթերում էին 200-230 դրամով, իսկ մայիսին գինն իջավ, հասնելով 150-160 դրամի, իսկ այսօր այն նվազել է մինչև 110 դրամ: Մինչդեռ, ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերման գինը կազմել է 160-180 դրամ: «Միայն մեկ կամ երկու ձեռնարկություններ են այսօր կաթը գնում 140 դրամով: Բայց եթե ինքնարժեքը կազմում են 120-130 դրամ, ուրեմն մենք կաթն իրացնենք առնվազն 140-160 դրամով», - ասել է նա: Մինչդեռ, «Աշտարակ Կաթ» ընկերության ղեկավար Հայկ Սարգսյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է, որ նման պատկեր է դիտվում ամեն տարի, ձմռան ամիսներին կաթի գինը բարձրանում է, իսկ հետո աստիճանաբար նվազում: Ինչպես պարզաբանել է Սարգսյանը, այդ գնով, հավանաբար, գնել են այլ ընկերություններ, որոնք աշխատում են փոքր տնտեսությունների հետ: Մայիսին Աշտարակ կաթը մթերումները կատարում էր 170 դրամով, ներկայիս գինը կազմում է 150 դրամ, իսկ հաջորդ օրը հասավ 140 դրամի: Բայց գների աճի մասին խոսելու կարիքը չկա: Ընկերության ներկայացուցչի վստահեցրել է, որ այսօր կա կաթի ավելցուկ, և ընկերությունն այն պահեստավորում է, պատրաստում պանիրներ, կա վերածում կաթի փոշում: Իսկ «Մարիաննա» ընկերությունը, որի մասնագետին էր դիմել ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այսօր կաթը գնում է 140 դրամով. անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գինը ցածր էր`130 դրամ: Ընկերության հաշվապահության աշխատակից Ադվինե Արիստակեսյանի ասելով, թեև շուկայում դիտվում է կաթի ավելցուկ, ընկերությունը շարունակում է կաթի մթերումը գյուղացիներից: Մթերողը հասկանում է, որ ֆերմերի համար ամենակարևորը մայիս-հունիս ամիսներն են: Բացի այդ, նա նշել է, որ գները աստիճանաբար բարձրացվում են:

Այդուհանդերձ, Գյուղնախարարությունում  հավաստիացրել էին, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով առաջիկա երկու-երեք օրերին հարցը  կդրվի գերատեսչության կոլեգիայի քննարկմանը` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հավելենք, որ ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանում կաթի ինքնաբավությունը կազմում է 93%, իսկ միջին կաթի սպառումը կազմում է 257.7 կգ մեկ անձի  համար մեկ տարում: Արտադրության կառուցվածքում գերակշռում են փոքր տնտեսությունները:  

Ծառայություններ

Վերջին դիտումները