+374 94 000 446

Կբացահայտվեն տնտեսության 3-5 ճյուղեր, որոնք կարող են միջնաժամկետ հեռանկարում ապահովել ավելի քան 1 մլրդ դոլարի արտադրության ծավալներ

Դիտվել է` 325

30.08.2019
post single img

Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտի միտումները լավատեսություն են ներշնչում։ Օգոստոսի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

Նախարարի խոսքով, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 6,8% - ով, և աճի դրայվերներ են հանդիսացել ծառայությունների ոլորտը, առևտուրը և արդյունաբերական հատվածը։  Այս տարվա հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 8,1% - ով, իսկ միայն 2018 թ. հուլիսին ՝ 12,8% - ով ։  <Հուլիսին արձանագրվել է արդյունաբերության 16,1 տոկոս աճ, և, ինչը շատ կարեւոր է, 19,5 տոկոսով աճել է հայկական արտահանումը ։  Եթե հիշում եք, մինչև հունիս ամիսը ներառյալ մենք արտահանման ծավալների անկում ունեցանք, բայց այսօր մենք 3%-ով գերազանցում ենք>,- հայտարարել է Խաչատրյանը ։

Մասնավորապես, ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարը, ՀՀ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների համաձայն, վերամշակող արդյունաբերության ոլորտում նկատվում է դրական դինամիկա։ Այսպես՝ աճել է կոնյակի, շոկոլադի, ծխախոտի արտադրությունը, դրական միտումներ կան մեքենաշինության և ոսկերչության մեջ ։

Հարցին, թե որքանով են հիմնավորված միջնաժամկետ հեռանկարում երկնիշ տնտեսական աճի կանխատեսումները՝ Տիգրան Խաչատրյանը պատասխանել է. <Վերջին 3 տարում տարբեր ժամանակահատվածներում Հայաստանը տնտեսական ակտիվության աճ է արձանագրում 6-8% միջակայքում ։  Միջին հաշվով այս երեք տարիների աճը կրկնակի գերազանցում է 2014-2016թթ. ցուցանիշը, բայց ամեն ինչ կախված կլինի տնտեսության կոնկրետ ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումից> ։ 

Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի համապատասխան կառույցի հետ համատեղ գնահատում է հանրապետության ներդրումային միջավայրը: Արդյունքում, կբացահայտվեն տնտեսության 3-5 ճյուղեր, որոնք աճի ամենամեծ ներուժն ունեն և կարող են միջնաժամկետ հեռանկարում ապահովել 1 մլրդ ԱՄՆ դոլար և ավելի արտադրության ծավալներ ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ ասել էր, որ երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ: <Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք, և եթե այդ խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին: Իհարկե, սրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց ես հիմա ուզում եմ նորից մեզ հիշեցնել՝ կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումը, անցկացումը և հունվարի 1-ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումը և աշխատանքների ճիշտ ժամանակին կազմակերպելը:

Ընդ որում, այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլև պետք է հաշվի առնել նաև այնպիսի հնարավորություն, որ կարող են հընթացս գոյանալ հավելյալ միջոցներ, ինչպես այս տարի տեղի ունեցավ, և այդ հավելյալ միջոցներն առաջանալու պարագայում մենք չպետք է նորից շաբաթներով քննարկենք, թե այդ գումարներն ինչի վրա ծախսենք: Այսինքն՝ մենք մեր աշխատանքային սեղանին պետք է ունենանք պատրաստի նախագծեր՝ իրենց ֆինանսական գնահատականով, որպեսզի հավելյալ միջոցներ առաջանալուն պես շատ արագ և արդյունավետ կարողանանք այդ միջոցները ծախսել>,- նշել է կառավարության ղեկավարը:

Ծառայություններ

Վերջին դիտումները