ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ
Դիտվել է` 1838
17.03.2021
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն:
«2021թ. Մարտի 16- ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%: 2021թ. Փետրվարին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը և բնականոն գնաճը ավելացել են և ամսվա վերջին կազմել համապատասխանաբար 5.3% և 5.5%՝ հիմնականում պայմանավորված միջազգային ապրանքահումքային շուկաներից և դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները, ինչը ենթադրվում է կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաև մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են գների աճի միտումներ: Սա նաև նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմանը:
«Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»,- նշեց ԿԲ նախագահը:
2020թ-ի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը որոշ չափով գերազանցել է նախորդ դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի ակտիվության նվազումներով։
«2021թ-ի առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվում է, ինչին շարունակում է էական նպաստում ունենալ ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաև պահպանվող թույլ պահանջարկի և ցածր մասնավոր սպառման ազդեցությունը: Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը, պահպանվող անորոշությունների և վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում»,-ասաց Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ ԿԲ Խորհուրդը դեռևս դեկտեմբերին, կանխատեսելով առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում, էականորեն խստացրել էր դրամավարկային պայմանները: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։
«Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- ասաց Գալստյանը:
ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով