ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Դիտվել է` 1338
11.06.2019
Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հունիսի 11-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունիցհայտնեցին որ, 2019 թ. մայիսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով։
Արտաքին հատվածում առևտրային պատերազմների սրման հետևանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված զգալի անորոշություններ, որոնք անդրադարձել են թե՛ ֆինանսական և թե՛ հումքային ապրանքների շուկաների միտումների վրա: Ի լրումն դրանց, որոշակիորեն վատթարացել են ԱՄՆ տնտեսության զարգացման հեռանկարները, ինչի պարագայում ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը ապագայում կվարի զգալիորեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն։ Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսևորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ իսկ 2019 թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման բարձր աճը: Տարվա առաջին կիսամյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի զգալի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն:
ԿԲ խորհուրդը գտնում է, որ ներկայիս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, որի ներքո նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:
Նշենք նաև, որ գնաճի՝ կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունների և հնարավոր ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ, պահպանվում են։ Դրանց ցանկացած զարգացումների ու դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը համապատասխանորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. հունիսի 25-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար