+374 94 000 446

Կառավարությունը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնի 56 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետային մնացորդը

Դիտվել է` 579

13.09.2019
post single img

Հայաստանի կառավարությունը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնի ԱԱՀ-ի գծով դեբետային մնացորդը՝ 56 մլրդ դրամ:  Համապատասխան որոշում է կայացվել սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ կառավարությունում քննարկվում է աննախադեպ տնտեսական առաջարկ։ «Հազարավոր կազմակերպություններ ունեն ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ, որոնք ձևավորվել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։  Եթե մանրամասների մեջ չմտնենք, դրանք այն գումարներն են, որոնք պետությունը պետք է վերադարձնի տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ - ի գծով», - գրել էր նա Facebook-ի իր էջում։

«Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի», - պարզաբանել էր Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով, որը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը, առաջարկվում են մի շարք կարգավորումներ այդ ուղղությամբ: «Մենք բոլորս գիտենք, որ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով կան դեբետային մնացորդներ կամ, այսպես կոչված, «գերավճարներ»։ Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո պարզվեց հին եւ նոր դեբետային մնացորդի տարբերությունը: Նորերը՝ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո վերադարձվում են տնտեսվարող սուբյեկտներին իրենց իսկ դիմումի հիման վրա՝ եռամսյակային կտրվածքով, իսկ հները  ուղղորդվում  են բացառապես ԱԱՀ գծով առաջիկա պարտավորությունները մարելու համար։  Այդ որոշմամբ մենք վերացնում ենք հին եւ նոր դեբետորական պարտքերի տարբերությունը, ինչը կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից», - պարզաբանել է նա։

Ընդ որում, ինչպես նշել է  ՊԵԿ ղեկավարը, օրինագծի հաստատումից հետո արդեն հաջորդ օրը հարկատուները կարող են դիմում ներկայացնել այդ պահին ձեւավորված գերավճարների ստացման համար՝ հետեւյալ սխեմայով. 5 մլն դրամից պակաս պարտք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ-ի դեբետը կվերադարձվի միայն դիմումի հիման վրա, առանց կամերալ ստուգումների, 5-ից մինչեւ 40 մլն դրամ պարտքի դեպքում ԱԱՀ-ի գծով միջոցները կվերադարձվեն պարզեցված կարգով' տնտեսվարող սուբյեկտի դիմումի եւ հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվության հիմանվրա, 40 մլն դրամը գերազանցելու դեպքում միջոցները կվերադարձվեն փաստաթղթային ուսումնասիրության և հիմնավորվածության հաստատման արդյունքում։

Ինչպես հաղորդել է ՊԵԿ ղեկավարը, խոսքը վերաբերում է մոր 9 հազար տնտեսվարող սուբյեկտների, որոնցից 3 հազարը հին դեբետներ են, պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ: Նրա ասելով, որոշում կայացնելուց հետո մինչև 5 մլն դրամ պարտք ունեցող անձինք  ավտոմատ կերպով կստանան իրենց գումարները։  «Մինչև տարեվերջ մենք նշված 56 մլրդ դրամից կվերադարձնենք 50 մլրդ դրամը», - տեղեկացրել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ 2018 թվականի հունվար ամսվա դրությամբ հարկայինը տնտեսվարող սուբյեկտներին պարտք էր 275 մլրդ դրամ: Լուծելով 50 մլրդ դրամին առնչվող իրավիճակը, ինչպես նշել է գլխավոր հարկայինը, մնում է 72-75 մլրդ դրամ՝ ընթացիկ պարտավորությունների գծով, որոնք ձեւավորվում եւ մարվում են: «Կարծում եմ, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը մենք կարող ենք հայտարարել, որ երկու տարվա ընթացքում մենք 220 մլրդ դրամով կրճատել ենք մեր պարտքը տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, ինչը բնորոշ է ուժեղ պետությանը», - նշել է նա:

«Ստացվում է, որ մենք տնտեսությունը ֆինանսավորել ենք 220 մլրդ դրամով»,- արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, տնտեսավարող սուբյեկտները հուսալ անգամ չէին կարող, որ կստանան այդ 56 մլրդ դրամը։ «Այդ հնարավորությունն առաջացել է հարկային մուտքերի ավելացման շնորհիվ», - պարզաբանել է վարչապետը։

 

Նյութի աղբյուրը՝ Arminfo

Ծառայություններ

Վերջին դիտումները