+374 94 000 446

Հայկական բիզնեսը, հնարավոր է, ստիպված լինի սովորել ինքնուրույն ձևակերպել մաքսային բեռները` առանց միջնորդ ընկերությունների

Դիտվել է` 1161

27.07.2018
post single img

Հնարավոր է, որ «Նորֆոլկ Քոնսալթինգի՚ փոխարեն, որը նախկինում զբաղվում էր բեռնափոխադրումներով և փաստաթղթերի ձևակերպմամբ և հայտնվել է քրեական սկանդալի կենտրոնում, այլ ընկերություն չստեղծվի: «Այսօր նախորդի փոխարեն նոր ձեռնարկություն ստեղծելու վերջնական որոշում չկա՚, - հուլիսի 26-ին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա ասելով, այդ առնչությամբ հապաղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկայինները ցանկանում են համապատասխանել գործող օրենսդրության պահանջներին; «Անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը, որն ինչ-որ աստիճանով հնարավոր է, հակասություն ունենա օրենսդրության հետ՚, - հայտարարել է նա, ընդգծելով, որ պետությունը պետք է կողմնորովի, թե արդյոք ստանձնում է որոշակի պարտավորություն` բիզնեսի հոգսերը թեթևացնելու համար: «Իմ կարծիքը. ես չէի ցանկանա ունենալ «Նորֆոլքի՚ իրավահաջորդ: Հարցի գինը բիզնեսն է, որը գործում է շրջանառության հարկի գործողության դաշտում, հիմնականում, անհատ ձեռներեցը, որին մշուշոտ ապագա է սպասում՚,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Դավիթ Անանյանը, բիզնեսն ստիպված կլինի սովորել մաքսային ձևակերպման բոլոր գործառնություններն ինքնուրույն իրականացնել: Հաշվի առնելով հանգամանքը, որ, հնարավոր է,  այսօր ոչ բոլոր տնտեսավարող սուբյեկտները ունեն  համապատասխան գիտելիքներ և հմտություններ մաքսային գործի ոլորտում, նրանց որոշակի ժամանակ կտրամադրվի: Ուշադրության առնելով այդ փաստը, ինչպես նշել է Անանյանը, «Նորֆոլք՚ ընկերությունում ստուգումները կասեցվել են` որպեսզի այն ժամանակավորապես բիզնեսի խորհրդատվություն վարի:

Ինչ վերաբերում է ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի վերականգնմանը, ապա, ինչպես հաղորդել է Դավիթ Անանյանը, ընկերությունն արդեն վճարել է շուրջ 2 մլն դոլար` 7 մլն դոլար ընդհանուր գումարից: Մնացած 5 մլն դոլարը պետք է վերականգներ մինչև  հուլիսի 20-ը, սակայն, հաշվի առնելով ստուգումների երկարաձգոըմը, «դեդլայնը՚ վերանայվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մամլո ասուլիսում Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել էր, որ մինչև հուլիսի վերջը կլուծարվի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը կփոխարինվի պետական ​​մասնակցությամբ  ընկերությունով: Ներկայումս, ինչպես նշել էր Անանյանը, ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, իրականացնում է իր նախկին գործառույթները (բեռնափոխադրումներ, փաստաթղթերի մաքսազերծում): Բացի այդ, «Նորֆոլկ» -ի փոխարեն կստեղծվի պետական ​​մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն: Նոր ընկերությունը չի կրկնօրինակի հին ընկերության գործառույթները, այլ կկատարի բրոքերային ծառայություններ: Ինչպես նշել էր Անանյանը, եթե վնասի ողջ գումարը վերականգնվի, ապա քրեական գործը կկարճվի:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ԱԱԾ հայտարարություն էր տարածել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող  քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում),  գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը:

«Այնուհետև,  ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։ Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և  տեղափոխված  բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։  «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ  նվազեցրել  են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։ Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում  հաշվարկվել է, որ  2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում:    Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ,  որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից  առգրավվել են  շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են  գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ՚, - ասվում էր ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ծառայություններ

Վերջին դիտումները