+374 94 000 446

Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք

Դիտվել է` 209

18.01.2021
post single img

Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Փոխնախարարը նշեց, որ 2020-ը իհարկե շատ դժվար տարի էր այն առումով, որ առկա էր անընդհատ փոփոխվող միջավայր, անհրաժեշտ էր շատ ճկուն գտնվել՝ խնդիրները հնարավորինս արագ գնահատելու և դրանց արագ արձագանքելու համար:

«Եվ ես ուրախ եմ, որ այսօր կարող ենք արձանագրել՝ 2020-ին արտահանվել է շուրջ 145 հազար 500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը 2019-ի համեմատ մոտ 3000 տոննայով ավելի է: Այսինքն՝ մենք այս բոլոր խնդիրներով, դժվարություններով հանդերձ, նույնիսկ ավելի պտուղ-բանջարեղեն ենք արտահանել»,- ասաց Խոջոյանը:

Մի շարք մշակաբույսերի արտահանումը նկատելիորեն աճել է: 2020-ին Հայաստանն արտահանել է շուրջ 24 հազար 200 տոննա խաղող, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է 15 հազար 900, 2020-ին արտահանել է 13 հազար 800 տոննա դեղձ, իսկ 2019-ին այդ թիվը եղել է 9 հազար 280 տոննա: Լոլիկի արտահանումը կազմել է 28 հազար 600 տոննա, մինչդեռ 2019-ին այն 24 հազար 800 տոննա է եղել: Միաժամանակ եղել են մշակաբույսեր, օրինակ ծիրան, խնձոր, որոնք ավելի քիչ քանակությամբ են արտահանվել: Եթե 2019-ին արտահանվել էր 30 հազար տոննա ծիրան, ապա 2020-ին արտահանվել է շուրջ 19 հազար 700 տոննա: 2019-ին արտահանվել է 14 հազար տոննա խնձոր, 2020-ին՝ 10 հազար տոննա: «Բայց այդ քիչ քանակը պայմանավորված է եղել նաև քիչ բերքով: Բերքատվության հետ կապված խնդիրներ եղան, ցրտահարություն և այլն: Սակայն չկա արձանագրված այնպիսի խնդիր, որ արտադրել ենք, սակայն չենք կարողացել արտահանել»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով վերամշակմանը՝ Խոջոյանը նշեց, որ օպերատիվ տվյալներով 2020-ին մոտ 98 հազար տոննա պտուղ-բանջարեղեն է վերամշակվել, որը 2019-ի համեմատ շուրջ 12 հազար տոննայով ավելի է: Այս հաշվարկում խաղողը ներառված չէ: Խաղողի աննախադեպ մեծ քանակ է եղել: Բերքատվությունը միջինում 25-30 տոկոսով ավելի է եղել, քան նախորդ տարիներին:

«2020-ին գյուղատնտեսական ապրանքների արտահանման շուրջ 48 տոկոս աճ է գրանցվել: Օրինակ պահածոների արտահանումը 2020-ին մոտ 25 տոկոսով ավելի է եղել, քան 2019-ին: Հյութերի արտահանումը, 2019-ի համեմատ, աճել է մոտ 2.2 անգամ»,- ասաց փոխնախարարը:

Արտահանման առումով հիմնականում տուժել են խաղողի հիմքով ալկոհոլային խմիչքները՝ գինին և կոնյակը: Գինու արտահանումը նվազել է 27-28 տոկոսով, իսկ կոնյակի արտահանումը՝ շուրջ 20 տոկոսով:

Փոխնախարարի խոսքով՝  2020-ին համավարակը և այլ դժվարություններ, ստիպել են իրենց ուսումնասիրություններ կատարել նոր շուկաների վերաբերյալ: Հիմնականում թիրախավորվել են Միջին Արևելքի երկրները: «Կատարվեցին ուսումնասիրություններ, մշակվեց արտահանման ձեռնարկ՝ ամեն երկրի համար՝ ներառելով պահանջները, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որոնք են կոնտակտները: Հիմա կատարված աշխատանքը, մեր ուսումնասիրությունները ներկայացնում ենք նաև արտադրողներին, որպեսզի իրազեկենք այդ շուկաների հնարավոր պոտենցիալի մասին և հեշտացնենք իրենց փաստաթղթավորման աշխատանքները»,- ասաց Խոջոյանը:

Ծառայություններ

Վերջին դիտումները