Հայաստանում թավշյա հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել առանց տնտեսական հեղափոխության
Դիտվել է` 1891
11.10.2018
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող գործարար համաժողովի փակման ժամանակ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, իր ելույթում վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Երջանիկ եմ Ձեզ ողջունել այստեղ, հայաստանյան հողի վրա, խորհրդանշական Թումո կենտրոնում, որ մարմնավորումն է Նոր Հայաստանի, որ հենված է 2800 տարեկան մայրաքաղաքով մի քանի հազարամյա պատմության, բայց հատկապես իր երիտասարդ աղջիկների ու տղաների եռանդի վրա, որն, ըստ էության, մեր երկրի ու ժողովրդի ապագան է։ Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մի անգամ ևս հաստատվեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները, արժեքներ, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ նշանաբանն են մեր Թավշյա հեղափոխության։ Թավշյա այդ հեղափոխությունը ոչ միայն քաղաքական էր, այլև արժեքների։ Կարևոր է ընդգծել, որ վերջին հաշվով այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաև տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարեւոր փուլում, եւ մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են և կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում։ Այդ կանոնները մենք բարձրաձայնել ենք բազմիցս, բայց ես, օգտվելով գործարար տիկնանց և պարոնների այս ներկայությունից, կուզեի կրկնել, որ մենք միայն երկու նախապայման և շահագրգռություն ունենք բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում են լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։ Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, և մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորին շատ աշխատատեղեր, և իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են։
Հարգելի ընկերներ, շատ ուրախ եմ իմանալ, որ ձեր աշխատանքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ տնտեսության իր տեսլականով, կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից Հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիաների երկրի։ Եւ սա միայն ամբիցիա չէ․ նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն, որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական վերափոխումն իրականացնելու համար, որի անհրաժեշտ պայմանները հավաքված են։ Ես կուզեի ձեզ հայտնել իմ գոհունակությունը ձեր քննարկումների արդյունքների առիթով, որոնք, որքանով ինձ հայտնի է, ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ։ Ես ջերմորեն ողջունում եմ նոր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի հիմնումը։ Ես երախտագիտությունս եմ հայտնում տնտեսական ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս գեղեցիկ նախաձեռնությունների ակունքում են։ Ես կրկին մաղթում եմ բարի գալուստ Հայաստան ձեզ բոլորիդ, ձեր ստեղծարար ու նորարար գաղափարներին եւ վերահաստատում եմ, որ դրանք կգտնեն Հայաստանի Հանրապետության աջակցությունը»,-ասել է ՀՀ վարչապետը։
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով