+374 94 000 446

Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն

Դիտվել է` 653

20.04.2021
post single img

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Հիշեցնենք, որ Բավրայից մինչեւ Մեղրի ձգվող "Հյուսիս-Հարավ"  556 կմ մայրուղու շինարարությունը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար: Միջանցքի շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2019 թվականին, սակայն  ժամկետները հետաձգվում են եւս 7-10 տարով: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա երկրին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:

Ծառայություններ

Վերջին դիտումները