+374 94 000 446

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Դիտվել է` 351

17.06.2019
post single img

Եվրոպական միության կողմից առաջիկայում   Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո  արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք  մարզերը ՝  Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս  մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան ՊյոտրՍվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք  կկարողանանք  սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի  և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված  է  ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝  Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝  Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,-նշեց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո  գումարի շրջանակներում փոքր  ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝  զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք  մեծ հույս ենք կապում այս երեք  մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու  ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների  տեսանելի լինելու համար, ուստի, պետք է  համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք  պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝  Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես  երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

Այս պահին Եվրամիությունը ՀՀ  կառավարության հետ քննարկում է  նաև համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու  է ՀՀ-ԵՄ 2019 թվականի  գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում ենք, բայց մենք ուզում ենք, որ գումարն  անմիջապես ուղղորդենք տեղական համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին: Հայաստանում իմ  գործունեության առաջին իսկ օրվանից դա ինձ համար եղել  է առաջնահերթություն՝  նախագծերը կենտրոնացնենք Երևանից դուրս՝ մարզերում, տեղական համայնքներում: Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, և լիահույս եմ, որ այս ծրագիրը լավ կիրականացվի»,- հավաստեց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանին  դատաիրավական համակարգի  բարեփոխման նպատակով   հավելյալ  25  մլն եվրո  տրամադրելու հանգամանքին՝ նա նշեց. «Այո՛, Հայաստանը ստացել է 25 մլն եվրո: Դա  քաղաքական որոշում է, որովհետև  դա արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած  ժողովրդավարական փոփոխությունների՝  Եվրամիության կողմից դրական գնահատականը: Այժմ ձեր կառավարության հետ քննարկում ենք, թե  ուր ուղղորդել այդ գումարը, և դա պետք է շատ արագ որոշենք, քանի որ դա հրատապ  գումար է՝  արագ պետք  այդ  25 մլն հատկացվի ինչ-որ նպատակների: Եվրոպական միությունը աջակցում է  Հայաստանին արդարադատության բարեփոխումներին և պատրաստ է ցուցաբերել աջակցություն: Մենք  սպասում ենք կառավարության նախաձեռնությանը և սպասում ենք, որ կառավարությունը կներկայացնի համապարփակ և հստակ ծրագրեր: Մեր ներքին ծրագրավորման մեջ, սակայն, մտածում ենք, որ կարողանալու ենք բավական զգալի գումար  հատկացնել  արդարադատության  բարեփոխումներին, բայց, նախաձեռնությունն հիմա կառավարությանն է»:

Վերջում պատասխանելով լրագրողների՝  Հայաստանի նոր կառավարության հետ ԵՄ համագործակցությանը հետ կապված հարցին, դեսպանը  նշեց.  «Ստիպում եք  ինձ պատասխանել  այնպես, ինչպես  Ֆեդերիկա Մոգերինին. «Մենք   այս կառավարությն հետ ունենք գերազանց հարաբերություններ և  բավարարված ենք  թե ինչպես ենք առաջ  շարժվում մեր միասնական օրակարգով»:

 

Նյութի աղբյուրը՝ Armenpress

Ծառայություններ

Վերջին դիտումները